Ապրիլի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քայդանաուին: Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության սերտացմամբ` ընդգծելով, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում արձանագրված դինամիկան լայն հնարավորություններ է ստեղծում փոխգործակցության առավել ամրապնդման համար:
Թինա Քայդանաուն իր հերթին ասաց, Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և շահագրգռված են դրանց հետագա խորացմամբ:
Հանդիպմանը հանգամանալից զրույց տեղի ունեցավ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակի շուրջ: Էդվարդ Նալբանդյանն ու Թինա Քայդանաուն քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նշեց նաև, որ Միացյալ Նահանգները շարունակելու են գործակցությունը Հայաստանի հետ տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման ասպարեզներում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: