14 մայիսի 2003 - 22:16 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԱՌԱՋԻԿԱ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ
Դժվար է կանխատեսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն առաջիկա հեռանկարում, ամեն ինչ կախված կլինի Ադրբեջանում տեղ գտած գործընթացներից: Այդ մասին ղարաբաղյան «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցություններն արդեն ստեղծված հիմքի վրա` իր ազգային շահերին չհակասող խաղաղությանը հասնելու նպատակով: Նախարարը գտնում է, որ թեեւ այսօր գերտերությունների ուշադրությունը բեւեռված է Իրաքին, այնուհանդերձ, ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը դրանից չի տուժել: Ընդ որում Վարդան Օսկանյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների պատճառով ընդմիջված բանակցությունները կշարունակվեն: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է նաեւ, որ երկու նախագահների հանդիպումների արդյունքում դրական առաջխաղացումներ են արձանագրվել, ինչը լայն հնարավորություններ է բացում հակամարտության վերջնական կարգավորման համար: