29 ապրիլի 2011 - 19:59 AMT
Նիդեռլանդները պատրաստ են օգնություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

Նիդեռլանդները Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում հույսը դնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի վրա: Այդ մասին մամլո ասուլիսում հայտնել է Ադրբեջանում Նիդեռլանդների դեսպան Արյեն Ույտերլինդեն: «Մենք հասկանում ենք, թե ինչպիսի բեռ են կրում Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները»,- նշել է նա:

Դիվանագետի խոսքով, Նիդեռլանդների և ողջ Եվրոպայի քաղաքացիները լիովին չեն հասկանում, թե որքան է այդ հակամարտությունը խոչընդոտում պետությունների զարգացմանը:

«Մենք հույս ունենք, որ ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացը կգտնի արագ լուծումը, և անհրաժեշտության դեպքում Նիդեռլանդները պատրաստ են օգնություն ցուցաբերել այս հարցում»,- ասել է դեսպանը, հաղորդում է 1news.az-ը: