30 ապրիլի 2011 - 10:17 AMT
Միջազգային փորձագետները Հայաստանում քննարկում են դրամավարկային քաղաքականության բարելավման գործիքները

ԱՄՀ-ի, Հայաստանի կենտրոնական բանկի և ՎԶԵԲ-ի բարձր մակարդակի սեմինարը, որը տեղի ունեցավ ապրիլի 27-29, ուղղված էր դրամավարկային քաղաքականության ամրապնդմանը` օժանդակելու գնաճի նպատակադրմանը Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում

Ինչպես ասվում է ԱՄՀ մամլո հաղորդագրության մեջ, բարձր մակարդակի սեմինարի ընթացքում, որն ապրիլի 27-ին Երևանում և ապրիլի 28-29-ը Ծաղկաձորում հյուրընկալել են Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), Հայաստանի կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶՄԲ), քննարկվել են դրամավարկային քաղաքականության գործիքների բարելավման ուղիները` օժանդակելու գնաճի նպատակադրման արդի դրամավարկային քաղաքականության իրականացմանը: Գնաճի նպատակադրման ուժեղացված ռեժիմները, այդ թվում` հստակ և հետևողական քաղաքականության նպատակները և կենտրոնական բանկերի գործառնական անկախության, հաղորդակցության և հաշվետվողականության կուռ համակարգը, կարող են օգնել ապագա գնաճի վերաբերյալ սպասումների ավելի լավ խարսխմանը և նպաստել ապադոլարացմանը, տեղական արժույթների շուկաների ամրապնդմանը, անորոշությունների նվազմանը, ցիկլերի վերելքների և վայրէջքների զսպմանը:

Սեմինարը համախմբել է Ալբանիայի, Հայաստանի, Բելառուսի, Չեխիայի, Վրաստանի, Հունգարիայի, Ղազախստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի և Ուկրաինայի կենտրոնական բանկերի ներկայացուցիչներին, ինչպես նաև ԱՄՀ-ի և ՎԶԵԲ-ի աշխատակիցներին և մոդելավորման և կանխատեսումների ոլորտների միջազգային փորձագետներին:

Սեմինարը կշարունակվի ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ծաղկաձորում, որտեղ կքննարկվեն գնաճը նախատեսված մակարդակին բերելու մոդելները, կմշակվեն կանխատեսման գործիքները: