30 ապրիլի 2011 - 15:51 AMT
Ադրբեջանը վերջին մեկ շաբաթում առավել ակտիվ է խախտել հրադադարի ռեժիմը Արցախի հետ շփման գծում

Ի տարբերություն ընթացիկ տարվա նախորդ շաբաթների, անցած յոթնօրյակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շեշտակի աճ:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից սահմանահատվածի ողջ երկարությամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ` արձակելով ավելի քան 2700 կրակոց:

Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել ապրիլի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում: Ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը "АК", "СВД", "Սև նետ", "ПК", "ДШК", "УТЕС" տիպի զինատեսակներից շփման գծի հարավարևելյան, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա, միայն երեք օրվա ընթացքում արձակել են շուրջ 1800 կրակոց:

Հրադադարի խախտման արդյունքում դժբախտաբար ղարաբաղյան կողմն ունեցել է կորուստներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի ակտիվությունը ճնշվել է, հաղորդում էՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը:

Վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալած նախահարձակ գործողությունները, որոնք հիմնականում իրականացվում են դիպուկահար զինատեսակներից, մեկ անգամ ևս փաստում են այն իրողությունը, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլև առավել լկտի ու սանձարձակ բնույթ է հաղորդել իր ագրեսիվ ձեռնարկումներին:

Մասնավորապես, երեկ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձակված գնդակից ՊԲ ժամկետային զինծառայող Վազգեն Բախշյանի զոհվելու դեպքից հետո, այսօր` ապրիլի 29-ին ողջ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը, հիմնականում դիպուկահարներ, ինտենսիվ կերպով շարունակել են գնդակոծել ՊԲ դիրքերը, որի հետևանքով զոհվել է երկու զինծառայող, մեկը` վիրավորվել (բոլոր զինծառայողները զորակոչվել են ԼՂՀ մարտունու շրջզինկոմիսարիատից):