2011-ին Հայաստանում արդեն գործում են շուրջ 10 ընկերություններ, որոնք հագեցած են նոր սարքավորումներով, իսկ մինչև տարեվերջ դրանց թիվը հասնելու է 30-40-ի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը երկրի տնտեսության մեջ կատարած ավանդի համար Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մեդալով 8 ընկերությունների պարգևատրումից հետո: «Այդ ընկերությունների ավանդն արտահանման ծավալների ավելացման մեջ զգալի է լինելու, միայն պետք է սպասել»,-ասել է նա:
Նրա խոսքերով, ձեռնարկություններն ուսումնասիրելիս կառավարությունն ուշադրություն է դարձրել այն ընկերություններին, որոնք լայնածավալ ներդրումներ են իրագործել 2010-ին և նոր արտադրական հնարավորություններ ստեղծել:
Միաժամանակ նա նշել է, որ առաջին եռամսյակում արձանագրվել է արտահանման ծավալների աճ, համոզմունք հայտնելով, որ հետագա եռամսյակներին արտահանման ծավալների աճի միտումներն արագանալու են: Արսեն Ղազարյանը նշել է, որ երկրի քաղաքականությունն ուղղված է ներկրման փոխարինմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն 2011-ի մարտին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 430.3 մլն դոլար` 2010-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 14.1 տոկոսով: Միաժամանակ մարտին փետրվարի համեմատ այդ ցուցանիշի աճը կազմել է 18.1 տոկոս:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում արտահանումը կազմել է 92.2 մլն դոլար` 2010-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 21.8 տոկոսով, իսկ ներկրումը` 338.1 մլն դոլար` ավելանալով 12.2 տոկոսով: