«Անելիք» բանկը առաջին հայկական բանկն է, որի հետ Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամը` ArmSEFF, վարկային համաձայնագիր է ստորագրել 3 մլն դոլարի չափով էներգախնայողության ոլորտը ֆինանսավորելու համար: «Բանկին տրամադրված միջոցները դեռ տեղաբաշխված չեն, մենք նախապատրաստական ծրագրեր ունենք, որոնցով վարկեր ենք տրամադրելու», PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Անելիք» բանկի վարկավորման բաժնի պետ Հայկ Գրիգորյանը: Նրա խոսքերով, այսօր հայկական շուկայում ակտիվացել է վարկավորման գործընթացը, այդ թվում` էներգախնայողության և էներգամատակարարման ոլորտի վարկերի համար: Մեծ պահանջարկ են վայելում արտադրության, ծառայությունների ոլորտները, մասնավորապես, հյուրանոցային համալիրները:
Մայիսի 3-ին Երևանում անցնում է սեմինար «Ինչպես օգտվել ArmSEFF տեխնիկական օգտնությունից և ֆինանսական հնարավորություններից» թեմայով:
Ինչպես հաղորդել է «Անելիք» բանկի վարկավորման բաժնի պետը, վարկերը տրամադրվելու են մրցակցային պայմաններով, վարկի նվազագույն գումարը մեկ ձեռնարկության համար կազմում է 2.5 մլն դոլար 5 տարի մարման ժամկետով: 2010-ի նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամի` ArmSEFF-ի պաշտոնական մեկնարկի շնորհանդեսը: Կայուն էներգետիկայի ֆինանսավորման առաջին երկամյա նախագծի ծավալը կազմում է 20 մլն դոլար