14 մայիսի 2003 - 20:27 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Վրացի, հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականները երեկ Թբիլիսիում հուշագիր են ստորագրել փոխըմբռնման մասին, որը կնպաստի Հարավային Կովկասի երկրների խորհրդարանների նախաձեռնությունների զարգացմանը: Ինչպես հաղորդում է ՐԻԱ «Օրենադա»-ն տվյալ հուշագիրը եւ նրա 2 լրացումները կապահովեն միջխորհրդարանական երկխոսության անհրաժեշտ շրջանակները եւ կորոշեն աշխատանքային ծրագրերը առաջիկա 2,5 տարվա համար: Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի փոխխոսնակ Վախթանգ Կոլբայան, Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը եւ Ադրբեջանի Միլի-մեջլիսի ներկայացուցիչ Սիյավուշ Նովրուզովը: Վրացական խորհրդարանի մամլո ծառայության տեղեկատվության համաձայն, չնայած փետրվարին կայացած նախորդ թբիլիսյան հանդիպման ժամանակ ադրբեջանցի եւ հայ խորհրդարանականների միջեւ առաջացած վեճը, երեք երկրների պատվիրակությունները կարողացան հաջողությամբ ավարտել հուշագրի նախագծի քննարկումը: Նշենք, որ երկխոսության գործընթացը Հարավային Կովկասի երեք երկրների խորհրդարանների միջեւ վերջին երկու տարիներին ընթանում է «Linx» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության աջակցությամբ: