5 մայիսի 2011 - 08:30 AMT
Facebook-ում ստեղծված խումբը մայիսի 6-ին Երևանում նստացույց կմեկնարկի հանուն քաղբանտարկյալների ազատման

Facebook սոցիալական ցանցում խումբ է ստեղծվել, որը ծրագրում է մայիսի 6-ին Երևանի Ազատության հրապարակում անժամկետ նստացույց մեկնարկել: Խմբի կազմակերպիչը Արման Անտոնյանն է, և ակցիայի նպատակը քաղբանտարկյալներին ազատ արձակելն է: Մայիսի 4-ի երեկոյի դրությամբ ակցիային մասնակցելու ցանկություն են հայտնել ավելի քան 200 հոգի:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ապրիլի 28-ի հանրահավաքի ժամանակ որոշ մասնակիցներ նստացույց սկսելու ցանկություն հայտնեցին` քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հասնելու համար: ՀԱԿ-ի ներկայացուցիչներին դժվարությամբ հաջողվեց ցուցարարներին համոզել, որպեսզի նրանք ցրվեն: Ընդ որում` ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում խոստացել է, որ եթե քաղբանտարկյալները, մասնավորապես` Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը ազատ չարձակվեն մինչև մայիսի 31-ը, ինքն անձամբ կմիանա նստացույցին: