5 մայիսի 2011 - 15:00 AMT
Մանվել Գաբրիելյան. Ուորդի դեմ մարտում ես երկրպագելու եմ Արթուրին, թեև վերջերս նրա ոճն ինձ դուր չի գալիս

Աշխարհի նախկին չեմպիոն Նիկոլայ Վալուևի նախկին մարզիչ Մանվել Գաբիրելյանը allboxing.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ Արթուր Աբրահամը պետք է փոխի տեխնիկան և մարտավարությունը:

«Անդրե Ուորդի դեմ մենամարտում ես երկրպագելու եմ Արթուրին, թեև վերջերս նա ինձ դուր չի գալիս: Նա չափազանց նվազ տեխնիկա ունի: Արթուրի մարզիչ Ուլին իմ ընկերն է, նա ունի այն ամենն, ինչ պետք է, բայց Արթուրն ինչ-որ չի փոխվում, երևի ծուլանում է: Մարզումներում կարևոր է կարգապահությունը»,- ասել է Գաբրիելյանը:

Մարզչի խոսքերով, Ստեփան Բոժիչի դեմ միջանկյալ մենամարտը ոչինչ չի տվել Աբրահամին. «Չեմ հասկանում, թե ինչու Աբրահամի թիմը վրդովվեց Ուորդի դեմ մարտում մրցավարներին փոխելու դեմ: Եթե ես պատրաստ լինեի, չէի նայի մրցավարներին, դուրս կգայի ռինգ, նոկաուտի կենթարկեի և վերջ»:

«Super Six» մրցաշարի կիսաեզրափակիչ մենամարտն Անդրե Ուորդի և Արթուր Աբրահամի միջև կայանալու է մայիսի 14-ին Կարսոնում (ԱՄՆ):