5 մայիսի 2011 - 20:39 AMT
ԿԱՐԾԻՔ
Բաքվում ասում են, որ իրենք Ղարաբաղի վերաբերյալ գործողությունների պլան ունեն, և այդ պլանը պատերա՞զմն է

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ Ադրբեջանը հստակ դիրքորոշում և գործողությունների պլան ունի, հայտնել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի միջազգային բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքով, Բաքվում «ցանկանում են» դրան հասնել խաղաղ բանակցային ճանապարհով, սակայն «անհրաժեշտության դեպքում» կօգտագործեն «տարածքները վերադարձնելու իրենց իրավունքները»:

Ի հեճուկս Մամեդովի բառերի` Ադրբեջանի ղեկավարության բոլոր գործողություններն ու հայտարարությունները մատնանշում են, որ հուսալքված Բաքուն շատ բան է ցանկանում, բայց ոչ` հակամարտության խաղաղ կարգավորում: Հսկայական ծավալներով գնվող սպառազինությունը, դպրոցականներից դիպուկահարների և դեսանտայինների պատրաստումը, սադրանքները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից առաջ և հետո, ադրբեջանական ԶՈՒ կողմից հայկական դիրքերի մշտական գնդակոծությունները, հայ զինծառայողների սպանությունները… Ցուցակը կարելի է շարունակել, սակայն ակնհայտ է, որ Բաքուն ամբողջ ուժով արգելակում է հակամարտության լուծման գործընթացը, ինչը միանգամայն տրամաբանական է Ադրբեջանի համար. հակամարտության չլուծված լինելը հիանալի միջոց է ժողովրդի միտքը զբաղեցնելու և իշխանությունը պահպանելու համար: Պատերազմով սպառնալով` Ադրբեջանի ղեկավարությունը մեկ հարվածով միանգամից երկու նապաստակ է սպանում: Նախ, իր ժողովրդի միտքը զբաղեցնում է «օկուպանտ» հայերի հանդեպ բորբոքվող ատելությամբ, և Ալիևը միանգամայն ընդունակ է նոր արյունահեղ պատերազմ հրահրել, միայն թե պահպանի իշխանությունը: Երկրորդը, բոլորովին չի բացառվում, որ հենց պատերազմ սկսելու սպառնալիքներն են զսպում միջնորդներին հակամարտությանը վերջնական լուծում տալու հարցում և ստիպում երկարաձգել գործընթացը:

Սակայն մյուս կողմից նման իրադրությունը վառոդի տակառ է հիշեցնում, որը կարող է պայթել ցանկացած պահին. նույն այդ միջնորդ գերտերությունները, որոնք այժմ Ալիևի նախագահական ամբիցիաների պոչից բռնած են շարժվում, կարող են մի օր հոգնել այդ ամբիցիաներից և ազատվել Ադրբեջանի ներկայիս նախագահից, որպեսզի վերջապես լուծեն ղարաբաղյան հիմնախնդիրը: