Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ Էդուարդ Անտինյանը: «Արտահերթ ընտրություններ չեն լինի: Արտաքին ազդակների դեպքում կարող են լինել միայն ֆորս-մաժորային հանգամանքներ»,-ասել է նա: Անտինյանն ընդգծել է,որ ՀԱԿ-ը ռեսուրսներ չունի, ստիպելու համար իշխանություններին գնալ արտահերթ ընտրությունների: Ըստ նրա, ՀԱԿ-ի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր հայտարարությունները արտահերթ ընտրությունների մասին ընդամենը խաղ է: Ըստ Անտինյանի, Տեր-Պետրոսյանը մտադիր է մասնակցել հերթական ընտրություններին:
«Իր մերձավոր շրջապատի այն մարդկանց, որոնք գիտեն, որ դա խաղ է, Տեր-Պետրոսյանն իր հետ խորհրդարան կտանի»,-ասել է նա: Անտինյանը հիշեցրել է, որ ժամանակին ՀԱԿ-ի առաջնորդը կտրուկ դեմ էր բոլոր այն ընդդիմադիր ուժերին, որոնք խոսում էին քաղաքական երկխոսության անհրաժեշտության մասին:
Իր հերթին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը հայտարարել է, որ բանակցություններն իշխանությունների ու ՀԱԿ-ի միջև կարող են ընթանալ միայն ընտրությունների նորմալ անցկացման մասին: Պատգամավորն ընդգծել է, որ արտահերթ ընտրություններ Հայաստանում չեն լինի: