6 մայիսի 2011 - 15:09 AMT
Ստեփան Սաֆարյան. «Ժառանգությունն» առայժմ միայն քննարկում է գալիք ընտրություններին մասնակցելու ձևաչափը

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը դեռևս չի կողմնորոշվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի հարցում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա ընգդծել է, որ առայժմ վաղ է խոսել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, սակայն ավելացրել է, որ վերջին ժամանակներս ակտիվ քննարկումներ և խորհրդակցություններ են ընթանում ինչպես կուսակցության ներսում, այնպես էլ Հայաստանի բոլոր շահագրգռված քաղաքական կողմերի և ուժերի հետ: Սաֆարյանի խոսքով, այդ քննարկումների նպատակը Հայաստանում ժողովրդավարության հաստատմանն ուղղված հետագա պայքարի ուղիների որոշումն է: Ընդ որում` Սաֆարյանը նշել է, որ «Ժառանգությունը» միշտ էլ բաց և շահագրգռված է եղել քաղաքական դաշտում համագործակցության նոր որակի և բանաձևի հարցում: Նա ընդգծել է, որ ո'չ «Ժառանգությունը», ո'չ որևէ այլ քաղաքական ուժ չի կարող միայնակ ներկայացնել ամբողջ ընդդիմությունը, որն իր մեջ ներառում է, «Ժառանգության» կարծիքով, հայ հասարակության մեծամասնությունը: «Իհարկե, «Ժառանգությունը» մենակ կկարողանա ավելի քիչ բանի հասնել, քան այն «Ժառանգությունը», որը նպատակներ կդնի և կգործի այլ քաղաքական միավորումների հետ միասին»,- նկատել է պատգամավորը:

Ինչ վերաբերում է ապագա խորհրդարանում «Ժառանգության» հայտնվելու շանսերի վերաբերյալ որոշ փորձագետների թերահավատությանը, ապա Սաֆարյանը հիշեցրել է, որ նույն այդ մարդիկ քիչ հավանական էին համարում «Ժառանգության» շանսերը նաև 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: «Թվերի հետ այդ խաղերը մենք միշտ նկատի ենք ունենում, բայց հիմք չենք ընդունում մեր հետագա որոշումների և գործողությունների համար»,- նշել է նա` մեկնաբանելով որոշ սոցհարցումների տվյալները: