6 մայիսի 2011 - 16:13 AMT
«Արմավիա» ավիաընկերությունը շարունակում է համալրել իր շարժակազմը

Մայիսի 6-ին «Արմավիա» ավիաընկերության շարժակազմը համալրվեց CRJ200 LR տիպի ինքնաթիռով, որը ձեռք է բերվել Lufthansa CityLINE ընկերությունից: Ինչպես ասվում է ավիաընկերության մամլո հաղորդագրության մեջ, նոր ինքնաթիռը կրում է հանրահայտ նկարիչ Մարտիրոս Սարյանի անունը:

«Արմավիան» արդեն ունի նման մի ինքնաթիռ, որը շատ լավ է դրսևորել իրեն՝ հատկապես ձմռան շրջանում: Այդ ինքնաթիռով չվերթներ կկատարվեն դեպի ԱՊՀ երկրներ ու Եվրոպա:

«Մենք շարունակում ենք մեր շարժակազմի համալրման քաղաքականությունը՝ հունիսի վերջում հուլիսի կեսին ակնկալվում է երկրորդ «Սուխոյ Սուպերջեթի» ժամանումը: Մենք ընդլայնում ենք նաև թռիչքների աշխարհագրությունը և ամառային չվացուցակով արդեն չվերթներ են իրականացվում Երևան-Վենետիկ-Երևան ուղղությամբ, իսկ մայիսի 15-ից կբացվի Երևան-Լիոն-Երևան, հունիսի 2-ից՝ Երևան-Մադրիդ-Երևան չվերթները»,-ասել է «Արմավիայի» նախագահ Միխայիլ Բաղդասարովը: Այդպիսով, Արմավիա» ավիաընկերության շարժակազմն այսօր կազմված է А320 /3/, А319 /3/ տիպի, «Սուխոյ Սուպերջեթ»-100, ՅԱԿ-42, VIP, IL-86, CRJ200-2 ինքնաթիռներից: