6 մայիսի 2011 - 16:27 AMT
Եվրախորհուրդն ու ԵՄ- 4 մլն եվրո արժողությամբ նախագծեր են սկսում «Արևելյան գործընկերության» երկրների համար

Եվրոպայի Խորհուրդն ու Եվրամիությունը պաշտոնապես ձեռնամուխ են եղել ընդհանուր հաշվով 4 մլն եվրո արժողությամբ նախագծերի շարքի իրականացմանը` «Արևելյան գործընկերության» մասնակից երկրներում ժողովրդավարության առաջխաղացման, պատշաճ կառավարման և կայունության հաստատման համար:

Ինչպես հաղորդում է Եվրոպայի Խորհրդի պաշտոնական կայքը, նախագծերն ուղղված են «Արևելյան գործընկերության» վեց երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում բարեփոխումների գործընթացին աջակցության ապահովմանը:

Բացի դրանից, նրանք նպատակ են հետապնդում այդ երկրները մոտեցնելու Եվրոպայի Խորհրդին և ԵՄ չափանիշներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ընտրական համակարգը, դատական բարեփոխումների իրականացումը, պայքարը կիբերհանցավորության և կոռուպցիայի դեմ: Նախագծերը պետք է իրականացվեն 30 ամսվա ընթացքում:

Քաղաքական խորհրդատվությունների և համագործակցության հարցերով Եվրոպայի Խորհրդի տնօրեն Կլաուդիա Լուչիանին նշել է, որ այդ «համատեղ ջանքերն առանցքային ոլորտներում Եվրոպայի Խորհրդի ու ԵՄ միջև ողջ մայրցամաքում ընդհանուր եվրոպական արժեքների զարգացման գործում հիանալի համագործակցության ևս մեկ վկայությունն են»: