«Անկեղծ ասած` ես հավատում եմ, որ Էմմիի «Boom Boom» երգը կարող է լավագույն հնգյակում հայտնվել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Եվրատեսիլ 2007»-ի հայաստանյան մասնակից Հայկոն: Նրա խոսքով, երգը բավական հիշվող է: «Իսկ մեր գլխավոր խնդիրն այն է, որպեսզի երեք րոպեի ընթացքում այնպես անենք, որ երգը հիշվի եվրոպացի հանդիսատեսի կողմից»,- ասել է նա: դրա հետ մեկտեղ Հայկոն համոզմունք է հայտնել, որ Էմմին փայլուն ելույթ կունենա մրցույթի ժամանակ: «Ես շատ եմ սիրում Էմմին, նա հայկական էստրադայի լավագույն կատարողներից մեկն է, և ես վստահ եմ, որ նա շատ լավ ելույթ կունենա: Մենք բոլորս պետք է աջակցենք նրան»,- նշել է հայ երգիչը:
Սակայն Հայկոն նշել է, որ այս պահին շատ կարևոր է, որպեսզի մրցույթի հայ մասնակիցը լավագույն տասնյակում հայտնվի, «իսկ հետո արդեն տեսնենք, թե ինչպես կստացվի»: Երգիչը նաև խոստովանել է, որ մրցույթին հետևելու է ընտանիքի և ընկերների շրջապատում:
Մայիսի 10-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում տեղի կունենա «Եվրատեսիլ 2011»-ի առաջին կիսաեզրափակիչը: Արդեն հայտնի են ելույթ ունեցող մասնակիցների հաջորդական համարները, մասնակիցների թվում են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները:
Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնում է երգչուհի Էմմին, որը հանդես է գալու «Boom-Boom» երգով (երաժշտությունը` Apricota խումբ, խոսքերը` Սոսի Խանիկյան, գործիքավորումը` Արա Թորոսյան):