10 մայիսի 2011 - 17:58 AMT
Հայաստանը մասնակցել է Սալոնիկի գրքի միջազգային փառատոնին

Մայիսի 5-8-ը Հունաստանի երկրորդ քաղաքում`Սալոնիկում անցկացվեց գրքի 8-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում էր Հայաստանի մշակույթի նախարարությունը: Ցուցահանդեսը, որի խորագիրն էր «Գրքերը և կրթությունը», կազմակերպվել է Հունաստանի գրքի ազգային կենտրոնի, Հունաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության, «Հելէքսպո» ցուցահանդեսային կազմակերպության և Գրահրատարակիչների և գրավաճառների համահունական ֆեդերացիայի կողմից: Բացման պաշտոնական արարողությանը ներկա էր Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը:

Ցուցահանդեսի օրերին Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում էին գրող, Հայաստանի մշակույթի նախարարության գրքի և հրատարակչական կենտրոնի ղեկավար Է. Միլիտոնյանը, Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի խորհրդի անդամ Է. Մկրտչյանը և լրագրողներ, հանդիպումներ ունեցան Սալոնիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելեցին տեղի հայկական շաբաթօրյա դպրոց, գրքեր նվիրեցին համայնքային գրադարանին:

Ցուցահանդեսը ՀՀ մշակույթի նախարարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության առաջին համատեղ միջոցառումն էր` Հայ գրատպության 500-ամյակի և «2012թ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» կարևոր իրադարձություններին ընդառաջ: