11 մայիսի 2011 - 10:24 AMT
Իրանում Հայաստանի դեսպանը ղարաբաղյան կարգավորմանը Իրանի միջնորդությունն օգտակար է համարում

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Իրանի միջնորդությունն օգտակար է անվանել: Թեհրանում տարածաշրջանային քաղաքականության և ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով քննարկման ժամանակ դեսպանը հայտարարել է, որ Իրանը վերջին 20 տարիների ընթացքում ապացուցել է իր ազնվությունը Հայաստանի հանդեպ: Ինչպես հաղորդում է ISNA-ն, Առաքելյանն ընդգծել է, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են, և հարկավոր է պահպանել բանակցությունների ներկայիս ձևաչափը:

Ելույթի ժամանակ դեսպանն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին` նշելով, որ ներկայումս կողմերը դադարեցրել են բանակցությունները, քանի որ Թուրքիան շարունակում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ կապել: Գրիգոր Առաքելյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը մինչ օրս հրաժարվում է ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ: Խոսելով Ստեփանակերտում օդանավակայանի առաջիկա բացման մասին` Առաքելյանը հիշեցրել է, որ դեռևս խորհրդային տարիներին Երևան-Ստեփանակերտ ուղիղ չվերթներ են իրականացվել: Դեսպանը հավաքվածների ուշադրությունը հրավիրել է Ղարաբաղ շարժվող քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու վերաբերյալ Ադրբեջանի սպառնալիքների վրա` ներկայացնելով Հայաստանի նախագահի պատասխանն այդ հայտարարություններին: