11 մայիսի 2011 - 10:53 AMT
ՏՄՊՊՀ-ն կվերահսկի տնտեսվարողին հատկացվող պետական ֆինանսավորման օրինականությունը

Հայաստանում տարբեր ոլորտների տնտեսվարողները հաճախ են օգտվում պետական օժանդակությունից, որը կատարվում է հիմնականում ֆինանսական աջակցության կամ հարկային արտոնության տեսքով: Աշխարհի շատ երկրներում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովներն այս դաշտում մեծ գործառույթներ են իրականացնում: Հանձնաժողովները պետք է տեղեկացված լինեն, թե ինչու է օժանդակություն տրամադրվում տվյալ տնտեսվարողին և իրավասու են կատարել ուսումնասիրություններ՝ պարզելու այդ որոշման օրինականությունը:

Հայաստանում ևս պետությունը պարբերաբար պետբյուջեից գումարներ է հատկացնում բիզնես ծրագրերի աջակցման կամ բիզնեսի խթանման նպատակով, սակայն ՀՀ ՏՄՊՊՀ-ն այս դաշտում երբեևէ ուսումնասիրություններ չի կատարել, թեև օրենքով Հանձնաժողովին նման լիազորություններ վերապահված են: Պետական օժանդակության ոլորտում կատարվելիք գործառույթների իրականացման հետ կապված Հանձնաժողովը հրավիրել է միջազգային փորձագետներ՝ Գերմանիայից և Լիտվայից՝ միջազգային փորձը ՏՄՊՊՀ մասնագետներին փոխանցելու և Հայաստանում առկա վիճակը քննարկելու նպատակով:

Մրցակցային դաշտի ձևավորման տեսանկյունից պետական օժանդակության ոլորտը ևս խիստ կարևոր է, քանի որ ֆինանսապես աջակցելով մի տնտեսվարողի, հնարավոր է, որ անհավասար պայմաններ ստեղծվեն նույն գործունեությամբ զբաղվող այլ սուբյեկտների համար: Հանձնաժողովի դերն այս դաշտում կայանում է նրանում, որ բացառվեն խտրական մոտեցումներն ու անհավասար պայմանների ստեղծումը:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության եվրոպական հարցերով փոխտնօրեն Վոլֆ-Դիտեր Պլեսինգը քննարկման ընթացքում անդրադարձավ Հանձնաժողովի դերին՝ այս ոլորտում: Նա նշեց, որ ըստ ԵՄ անդամ երկրների համար գործող միասնական ընթացակարգի, անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է վարել պաշտոնական հետաքննություն՝ պարզելու, թե որքանով է օրինական տրամադրված օժանդակությունը: Պարոն Պլեսինգը բերեց մի օրինակ Գերմանիայի փորձից, երբ օրինակ Արևելյան Գերմանիայում Եվրոպական հանձնաժողովի կողմից կատարված հետաքննության արդյունքում բացահայտվել էին մի շարք ապօրինություններ՝ կապված պետական օժանդակության հետ: Տնտեսվարողներին պարտադրվել է հետ վերադարձնել ստացված գումարները: Փորձագետը նշեց, որ թեև որոշումն օրինական էր, սակայն դա հետևանքով այդ ընկերություններից շատերը սնանկացան:

Նշենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը ՏՄՊՊՀ-ին թույլ է տալիս գործելու այս դաշտում, բայց այս մասով օրենսդրությունը դեռևս լիարժեք չէ և լրամշակման կարիք ունի: Օրենքի փոփոխությունների հետ կապված դրույթները ևս քննարկվեցին միջազգային փորձագետների հետ, հայտնում է հանձնաժողովի մամլո ծառայությունը: