Հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը (ԱՄՆ) Գլենդելում սկսել է իր մարզումները` պատրաստվելով մենամարտի մեքսիկացի Սաուլ Ռոմանի դեմ: Մենամարտը կայանալու է հունիսի 4-ին Լոս Անջելեսում «Staples Center»-ում:
Մարտիրոսյանի մենեջեր Սթիվեն Ֆեդերն ասել է, որ բռնցքամարտիկը մարզչի` Էդմոնդի հետ լարված և ծանր մարզումներ է անցկացնում:
«Էդմոնդից բացի Վանեսի հետ աշխատում է նաև Մայք Վայլը, որը մարզել է անվանի բռնցքամարտիկ Ամիր Խանին: Ռոմանի նկատմամբ իր առավելությունը և արագությունը Վանեսը ցույց կտա ռինգում: Հուսով եմ, որ Մարտիրոսյանի բոլոր երկրպագուները կգան «Staples Center» և կաջակցեն նրան»,- Ֆեդերի խոսքերը հաղորդում է boxeomundial.net-ը:
Հայ բռնցքամարտիկի մենեջերը նաև նշել է, որ այդ մենամարտից հետո նրանք մտադիր են պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, քանի որ իրենց սանը պատրաստ է նման մարտերի: