11 մայիսի 2011 - 14:20 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Գերմանիան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը

Մայիսի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, կովկասյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Պատրիցիա Ֆլորին, որն Հայաստան է ժամանել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ձեւավորված համագործակցությունը, թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով, պարբերական քաղաքական երկխոսությունը եւ առկա է հարաբերությունների հետագա ընդլայնման երկուստեք ձգտում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ֆլորը նշեց, որ Գերմանիան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը եւ այսօր մեկնարկած ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունները հենց այդ նպատակին են ուղղված:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-գերմանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, Հայաստան-ԵՄ համագործակցությունը եւ Ասոցացման Համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները:

Դեսպան Ֆլորի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները:

Էդվարդ Նալբանդյանն ու Պատրիցիա Ֆլորը մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

ՖՈՏՈՇԱՐՔ