«Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժումը հարցում է անցկացրել ազգային փոքրամասնությունների համայնքների ղեկավարների և կազմակերպությունների շարքում` «Անհանդուրժողականության վարկանիշ» կազմելու նպատակով: «Անհանդուրժողականության վարկանիշը» փորձարարական նախաձեռնություն է «ատելության լեզվի» դեմ պայքարի ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժումը:
«Անհանդուրժողականության վարկանիշը» ներառում է իր մեջ առավել անհանդուրժողական տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ները, հեռուստաալիքները, քաղաքական և հասարակական գործիչներին:
Վարկանիշի հարցմանը մասնակցելու համար թեկնածուներն ընտրվել են` ելնելով «ատելության լեզվի» վերջին դեպքերից: Հարցման արդյունքում ստացվել են հետևյալ արդյունքները: Ամենից «անհանդուրժողական» տպագիր և էլեկտրոնային հրատարակություն են դարձել «Ասավալ Դասավալին» և «Գրուզիա Օնլայն» ինտերնետ պորտալը: Ամենից «անհանդուրժողական» հեռուստաալիք է դարձել «Ռուսթավի-2»-ը, ամենից «անհանդուրժողական» քաղաքական գործիչ` Նոդար Նատաձեն` Վրաստանի Ազգային ճակատի հիմնադիրը, ամենից «անհանդուրժողական» հասարակական գործիչը` Մանանա Արչվաձե-Գամսախուրդիան` առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կինը:
Վարկանիշի նպատակն է «զրոյական հանդուրժողականություն» ձեռք բերել վրացական հասարակության մեջ «ատելության լեզվի», ռասիզմի և ազգատյացության դրսևորումների նկատմամբ: Ապագայում նախատեսվում է ընդլայնել հարցում անցկացնելու ոլորտը` հարցման մեջ ներառելով ՀԿ-ների առաջնորդներին, հասարակական գործիչներին, լրագրողներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, հաղորդում է «Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժման մամլո ծառայությունը: