Ամեն տարի Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության տեսչության ստացած 100-120 բողոքների տարեկան կտրվածքով 98 տոկոսը որոշվում է սպառողների օգտին: Այդ մասին մայիսի 11-ին Երևանում լրագրողների հետ զրույցում հաղորդել է Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կանոնակարգող նորմերի կատարման տեխնիկական վերահսկողության բաժնի պետ Արթուր Տոնոյանը:
Նրա խոսքերով, նման արդյունքը վկայում է այն մասին, որ հանրապետությունում արտադրված կամ ներկրված ապրանքները մեծամասամբ չեն համապատասխանում իրենց տեխնիկական պարամետրերին: Նա ասել է, որ հայտատուն փոխհատուցում է ստանում անորակ ապրանքի դիմաց ՀԴՄ կտրոնի կամ առքուվաճառքը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Նա հաղորդել է, որ Հայաստանի ոչ պարենային շուկայում շատ են երրորդ երկրներից` Չինաստանից, Թուրքիայից, ներկրված անհայտ ծագում ունեցող անորակ ապրանքները: Մասնավորապես, դրանք բջջային հեռախոսներ են, կենցաղային տեխնիկա, հագուստ և կոշիկ:
Այսօր Հայաստանում լաբորատորիաները բավականաչափ հագեցած չեն ոչ պարենային ապրանքների փորձաքննություն անցկացնելու համար, ոլորտների դիապազոնը մեծ է, ինչը պահանջում է հսկայական ներդրումներ: