11 մայիսի 2011 - 20:04 AMT
Աղվան Հովսեփյան. Քաղաքացիների նկատմամբ բռնության միայն 2 քրեական գործով 6 ոստիկան է դատապարտվել

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մայիսի 11-ին ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավական բարեփոխումների վարչության պետ Հանա Ջունքերին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Թամազյանը, Արմեն Դանիելյանը, Եվրոպայի խորհրդի և ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներ:

Ինչպես հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում Աղվան Հովսեփյանը Հանա Ջունքերին մանրակրկիտ ներկայացրեց ՀՀ դատախազության համակարգում տեղի ունեցած բարեփոխումները, դատախազությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ կատարված աշխատանքները: ՀՀ գլխավոր դատախազը նշեց նաև, որ դիմել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակին` եվրոպացի փորձագետների կողմից դատախազության լիազորությունների և գործառույթների վերաբերյալ մոնիտորինգ կատարելու խնդրանքով` պարզելու համար, թե որքանով է այսօր ՀՀ դատախազական համակարգը համահունչ միջազգային չափանիշներին, ինչպիսի բարեփոխումների կարիք դեռևս կա:

Հանա Ջունքերն իր հերթին նշեց, որ ողջունելի է նման մեծածավալ աշխատանքների կատարումը, հատկապես «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով քննության օրինականության հսկողության նկատմամբ դատախազների մասնագիտական վերապատրաստումների դասընթացների կազմակերպման համար:

Աղվան Հովսեփյանը Հանա Ջունքերին հանգամանորեն ներկայացրեց ձերբակալման պահից մինչև դատական վախճան ընկած դատավարական ընթացքում գործող օրենսդրական մեխանիզմները, գործող կարգը, որը կոչված է հնարավորինս ապահովելու անազատության մեջ գտնվող մարդու, քաղաքացու իրավունքները:

ՀՀ գլխավոր դատախազը շեշտեց, որ մարմնական վնասվածքների, խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեպքերի բացահայտումը նախաքննական փուլում առաջին իսկ հերթին ձեռնտու է դատախազությանը, քանզի դրանց ուղղությամբ կատարված քննությունը, ուսումնասիրությունը, ստուգումները միմիայն ամրապնդում են մեղադրանքի պաշտպանությունը և հիմնավորվածությունը:

Աղվան Հովսեփյանը մասնավորապես շեշտեց, որ նախորդ տարիների համեմատությամբ, այժմ բավականին շատ են դեպքերը, երբ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի մեղադրանքներով դատապարտվել են իրավապահ համակարգի աշխատակիցներ: «Եղել են դեպքեր, երբ գործեր են հարուցվել քաղաքացիների նկատմամբ` ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործածելու դեպքերով, սակայն իմ ցուցումով, երբ այդ գործերի նախաքննությունը իրականացրել է Հատուկ քննչական ծառայությունը, պարզվել է ուղիղ հակառակ իրավիճակը: Ոստիկանները իրենք են բռնություն գործադրել քաղաքացիների նկատմամբ և որպեսզի կոծկեն իրենց ապօրինությունները, գործ են հարուցել քաղաքացիների նկատմամբ: Միայն 2 այդպիսի քրեական գործով 6 ոստիկան է դատապարտվել»,- ընդգծել է նա: