Մայիսի 13-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի ճեմասրահում տեղի կունենա հայազգի նկարիչ Գևորգ Մշեցու աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը նվիրված է Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվան: Ցուցահանդեսի կազմակերպիչն է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը: Ցուցահանդեսին մասնակցելու են ՄԱԿ-ի ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն, Գևորգ Մշեցին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը նշվում է մայիսի 21-ին, 2002թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի որոշմամբ: Այն ընդգծում է մշակույթի` իբրև բարգավաճման, կայուն զարգացման և համաշխարհային խաղաղ համագործակցության ձեռքբերման միջոցի, հզորացման անհրաժեշտությունը: Հանդես գալով Մշակութային ժառանգության ՄԱԿ-ի տարվա վերջին օրերին (2002թ.)՝ վեհաժողովն ընդունեց մշակութային բազմազանության պաշտպանության և քաղաքակրթությունների երկխոսության բազմաթիվ ոլորտների սերտ կապը: Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը հնարավորություն է տալիս խորացնել մշակութային բազմազանության մասին մարդկանց ընկալումը և սովորել ապրել ավելի բարեկեցիկ: