12 մայիսի 2011 - 15:04 AMT
Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ ՀԱԿ-ը Հայաստանի քաղաքական դաշտում մրցակիցներ չունի

Հայաստանի քաղաքական դաշտում չկա այնպիսի ուժ, որը Հայ ազգային կոնգրեսին հավասարազոր լինի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ, Սոցիալ-դեմոկրատական «Հնչակյան» կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը: Միաժամանակ, նա հավելել է, որ դա վերաբերվում է նաև իշխանամետ ուժերին: «Նրանք ՀԱԿ-ի մրցակիցները չեն»,- ասել է Սարգսյանը: Նա նաև հերքել է որոշ փորձագետների և քաղաքական գործիչների ենթադրությունները, որ իշխանությունների հետ երկխոսության արդյունքում ՀԱԿ-ին կործանում է սպասում: «ՀԱԿ-ի կործանման մասին խոսելու համար պետք է քաղաքականապես կույր լինել»,- հավաստիացրել է նա:

Սարգսյանի խոսքերով, շատ քաղաքական ուժեր խանդում են իշխանությունների և ՀԱԿ-ի քաղաքական երկխոսությանը: PanARMENIAN.Net-ի թղթակցի խնդրանքին պարզաբանելու մասին, թե ով է մտնում այդ քաղաքական ուժերի մեջ, նա պատասխանել է. «Բոլոր այն ուժերը, որոնք չեն մտնում իշխանության կամ ընդդիմության` ՀԱԿ-ի մեջ»: Նա հավելել է, որ ՀԱԿ-ն ուրախ կլիներ, եթե այլ քաղաքական ուժերը միավորվեին և համագործակցեին նրա հետ, սակայն հավակնությունների պատճառով դա տեղի չի ունեցել: Եվ այդ ուժերը հայտնվելու են լուսանցքից դուրս: