Մայիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի պետական համալսարանի հրավերով հանդիպեց բուհի ուսանողներին: ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանի բացման խոսքին հաջորդեց ՀՀ սփյուռքի նախարարի ելույթը: Ողջունելով ներկաներին` Հրանուշ Հակոբյանը նշեց, որ հպարտ է ԵՊՀ-ի սան լինելով և ավելացրեց, որ համալսարանը, գիտելիքներ փոխանցելուց զատ, զբաղվում է նաև մարդակերտման և հայակերտման գործունեությամբ` առաջնորդվելով բուհում ձևավորված բարի ավանդույթներով:
Նախարար Հ.Հակոբյանը ներկայացրեց հայկական Սփյուռքի ձևավորման և զարգացման պատմությունը, անդրադարձավ նախարարության գործունեությանն ու առանձնահատկություններին` նշելով, որ սփյուռքի նախարարությունը որդեգրել է ««Ճանաչել, վստահել, գործակցել». սկուզբունքը որպես ՀՀ սփյուռքի նախարարության աշխատանքային բանաձև»:
Հատուկ կարևորությամբ անդրադարձավ համահայկական առաջնահերթություններին` ԼՂՀ-ի հիմնախնդրի հայանպաստ կարգավորում, հայոց ցեղասպանության միջազգային դատապարտում և ճանաչում, Սփյուռքի ուծացման դեմ պայքար և այլն, որոնց շուրջ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միակարծիք լինելն անհրաժեշտություն է:
Եզրափակելով ելույթը` նախարարը կոչ արեց ուսանողներին լավ սովորել` նշելով, որ ճանապարհ հարթելու միակ և հզոր զենքը գիտելիքն է:
ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը պարգևատրվեց ԵՊՀ-ի ուսանողական խորհդի մեդալով: