Հայաստանի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները մեկնաբանել են Հայաստանի Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված բազմաթիվ խախտումները, մասնավորապես, սոցիալական ապահովման ոլորտում: ՀՀ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խոստովանել է, որ երկրում ցանկացած երևույթների համար պատասխանատու են գործող իշխանությունները: «Մեղավոր կարող են լինել առանձին մարդիկ, սակայն ցանկացած գործողությունների և երևույթների համար պատասխանատու են գործող իշխանությունները: Այս համատեքստում որոշակի պատասխանատվություն է կրում նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Իշխանություններն իրենք են պարզում այդ խախտումներն ու գնահատում դրանք: Սա հակակոռուպցիոն կուրս է, որն իրականացնում է կառավարությունը»,- ասել է Սահակյանը` ավելացնելով, որ իշխանությունները գտել են կոռուպցիայի դեմ պայքարի մոդելը:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Ատրյուշա Շահբազյանն իր հերթին հայտնել է, որ Հայաստանի Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված խախտումներն ապացուցում են, որ երկրում արատավոր համակարգ է գործում, և այն անձինք, ովքեր շահագրգռված չեն այդ համակարգի վերացմամբ, այդ խախտումների հանցակիցն են: Ինչպես ճշտել է Շահբազյանը, այդ անձանց նա տեսնում է ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության մեջ:
«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հայտնել է, որ խախտումների համար պատասխանատվություն պետք է կրեն առանձին մարդիկ, ովքեր կատարել են այդ հանցագործությունները և բնակչության անապահով խավերի հաշվին միլիոնավոր դրամներ յուրացրել:
Մայիսի 12-ին Հայաստանի Ազգային Ժողովում ՀՀ Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը ներկայացրեց 2010 թվականի գործունեության հաշվետվությունը: Զաքարյանը հաշվետվության մեջ ներկայացրել է հայտնաբերված բազմաթիվ խախտումները, մասնավորապես, սոցիալական ապահովման ոլորտում: