18 մայիսի 2011 - 12:22 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մայիսի 18. Ուղիղ 19 տարի առաջ ազատագրվեց «կյանքի ճանապարհը»՝ Բերձորը

Ուղիղ 19 տարի առաջ, 1992թ. մայիսի 18-ին ազատագրվեց կենսական նշանակություն ունեցող Լաչինը (ներկայիս Բերձոր): Շուշիի ազատագրումից հետո հայկական ուժերի առջև նոր նպատակ դրվեց՝ «կյանքի ճանապարհ» բացել Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև ամենանեղ հատվածում: ԼՂՀ-ն ծանրագույն վիճակում էր՝ չկար էլեկտրա- և գազամատակարարում: Զինամթերքի, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի անհրաժեշտ նվազագույն քանակը տեղափոխվում էր քաղավիացիայի ուժերով:

Մայիսի 13-ին շարունակվեց հայկական ուժերի կենտրոնացումը Զարասլի գյուղի մոտ, որը գտնվում է Շուշիի ու Լաչինի միջև: Այստեղ կենտրոնացվել էին զրահատեխնիկայի տասնյակ միավորներ և մեծաքանակ կենդանի զինուժ: Լաչինի հետ կապը խզված էր, այնտեղ ավերված էին հիվանդանոցը, դպրոցը, տեղական կառավարման մարմնի շենքը:

Մայիսի 15-ին հայկական ջոկատները գրոհեցին բարձունքում գտնվող Աղդամի շրջանի Գյուլաբլու գյուղը: Ադրբեջանական զորքերը, ունենալով քանակային և դիրքային առավելություն, ետ մղեցին գրոհը: Գյուլաբլիի բարձունքից հակառակորդը գնդակոծում էր Ստեփանակերտի և հայկական այլ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը:

Մայիսի 17-ին հայկական ուժերը ետ մղեցին ադրբեջանական բանակի գրոհը Շուշիի ուղղությամբ, որին մասնակցեց շուրջ 1000 զինվոր՝ 20 տանկերի ու այլ զրահատեխնիկայի մասնակցությամբ:

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբի տվյալներով, Լաչինում փոխհրաձգություն էր ընթանում ադրբեջանցիների զինված ուժերի ու տեղաբնակ քրդերի միջև: Սակայն, երբ վերսկսվեց երթևեկությունը Բերձորից Գորիսի շրջան շրջանցիկ ճանապարհով, ադրբեջանական ջոկատները, տեղի բնակչության հետ միասին, սկսեցին շտապ հեռանալ Լաչինից:

Մայիսի 18-ին ՀՀ խորհրդարանի առավոտյան նիստում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտնեց, որ բացվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող ճանապարհը:

Մինչ օրս, Բերձորը, որը դարձել է Քաշաթաղի շրջանի կենտրոնը, շարունակում է մնալ Հայաստանն ու Արցախի Հանրապետությունն իրար կապող «կյանքի ճանապարհ»: Արցախի ղեկավարությունը բազմիցս է հերքել Բաքվի «հույսը», թե Բերձորը մի օր կարող է փոխանցվել ադրբեջանական կողմին: Լաչինի շրջանը ոչ մի հանգամանքում չի կարող բանակցությունների առարկա հանդիսանալ, քանի որ առանց նրա անհնար է ԼՂՀ անվտանգ ու նորմալ գոյությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ