Հայաստանի ոստիկանությունը բացահայտել է հոգևորականի վրա հարձակված «Եհովայի վկաներ» աղանդի երկու հետևորդների ինքնությունը, որոնց կասկածում են Երևանի Սբ. Երրորդության եկեղեցու հոգևորական, տեր հայր Եսայիի վրա հարձակվելու մեջ: Ինչպես հաղորդում են Ոստիկանությունից, Եսայի Արթենյանի վրա հարձակվել էին Անդրանիկ Մնացականյանն ու Սամվել Գրիգորյանը:
Կասկածյալներն արդեն կանչվել են ոստիկանական բաժանմունք, որտեղ ցուցմունքներ են տվել: Սակայն այս փաստի առթիվ առայժմ քրեական գործ չի հարուցվել: Դրա հետ մեկտեղ հայ հոգևորականը դատաբժշկական փորձագետի մոտ է ուղղվել:
Մայիսի 15-ին Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում գտնվող Սբ. Երրորդության եկեղեցու բակում «Եհովայի վկաներ» աղանդի հետևորդներ ի պատասխան եկեղեցու քահանա Եսայի Արթենյանի` տարածքը լքելու պահանջին հարձակվել են քահանայի վրա, մի քանի հարված հասցրել նրան` ուղեկցելով դա անվայելուչ խոսքերով ու քահանայի «կոկորդը կրծելու» սպառնալիքներով: