Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի էներգետիկ համակարգի արդյունավետությունը վերականգնվող էներգիայի նոր աղբյուրների միջոցով:
Վերջին տարիներին ՀՀ կառավարության էներգետիկ ռազմավարության քաղաքականության շրջանակներում Հայաստանի էներգահամակարգում զգալիորեն աճել է փոքր հզորություն ունեցող էլեկտրակայանները, հիմնված վերականգնվող էներգաաղբյուրների վրա: Դրա հետ մեկ տեղ, անհրաժեշտ է ապահովել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի շահագործումը: IFC-ի «Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում կմշակվեն հուսալիության ցուցանիշներ, որոնք հիմնված կլինեն միջազգային լավագույն փորձի վրա և, միաժամանակ, կհամապատասխանեն Հայաստանի էներգետիկ համակարգի շահագործման պահանջներին և պայմաններին:
«IFC-ն աջակցում է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` ստեղծել հուսալիության ցուցանիշներ, որոնք ոչ միայն կնպաստեն էներգետիկ համակարգի հուսալի շահագործմանը, այլ նաև կաջակցեն նոր վերականգնվող էներգետիկայի աղբյուրների ինտեգրմանն ընդհանուր համակարգում», - ասաց IFC-ի «Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի» ղեկավար Տիգրան Փարվանյանը:
IFC-ի «Հայաստանի Կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագիր»-ը մշակվել է էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար կայուն շուկա հիմնելու և Հայաստանի էներգետիկ ինքնաբավությանը նպաստելու նպատակով: Ծրագիրը մեկնարկել է 2010թ. հունվարին և իրականացվում է Ավստրիայի ֆինանսների նախարարության ֆինանսական աջակցության շնորհիվ: Ծրագիրը IFC-ի տարածաշրջանային ռազմավարության մասն է, որն աջակցում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կառավարություններին կիրառել էներգաարդյունավետ միջոցներ և նպաստել վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումների աճին:
Հայաստանը դարձել է IFC-ի անդամ և բաժնետեր 1995 թվականին և առ այսօր 110 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել 24 ծրագրերի շրջանակներում` աջակցելով ֆինանսական շուկաների, ընդհանուր արտադրության, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի և ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանը, հաղորդում է IFC-ի երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը: