19 մայիսի 2011 - 17:35 AMT
Հունիսի 15-ից Սևանի լողափերը պատրաստ կլինեն ընդունել այցելուներին

Հայաստանի փոխվարչապետ, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը մայիսի 19-ին ծանոթացավ Սևանա լճի ափամերձ հատվածներում հանրային լողափերի կահավորման և բարեկարգման աշխատանքների ընթացքին:

Ինչպես հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը, փոխվարչապետին ուղեկցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Գնդոյանը:

Արամ Հարությունյանը զեկուցեց, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամկետներում, և հունիսի 15-ը լողափերը կարող են ընդունել այցելուներին: Փոխվարչապետին ներկայացվեց նաև 1900.25 բացարձակ նիշից ներքև իրականացվող մաքրման աշխատանքների, ինչպես նաև շենք-շինությունների ապամոնտաժման ընթացքը:

Փոխվարչապետին տեղեկացրեցին, որ կան մոտ 150 շինություններ, որոնց սեփականատերերը կամ վարձակալները թեև տեղեկացվել են ապամոնտաժման պահանջի մասին, սակայն քայլեր չեն ձեռնարկել: