20 մայիսի 2011 - 13:41 AMT
Հայաստանը Լայպցիգում կմասնակցի Միջազգային տրանսպորտային ֆորումի նախարարական նիստին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի մայիսի 25-27-ը Լայպցիգում (Գերմանիա) կայանալիք Միջազգային տրանսպորտային ֆորումի (նախկին Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանս) տարեկան նախարարական նիստին:

Տրանսպորտի բնագավառում նիստը համարվում է Եվրոպայի խոշորագույն միջոցառումը, որին մասնակցում են ավելի քան 50 պետություն ներկայացնող տրանսպորտի նախարարներ, միջազգային տրանսպորտային կազմակերպությունների, խոշորագույն գիտական և կրթական հաստատությունների, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Առաջիկա նիստը կարևորվում է նաեւ Միջազգային տրանսպորտային ֆորումի գլխավոր քարտուղարի ընտրություններով: Բացի այդ օրակարգում ընդգրկված են մի շարք կարևոր հարցեր` կապված Միջազգային տրանսպորտային ֆորումի տարեկան բազմակի թույլտվությունների 2012 թ.-ի բաշխման, միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների Եվրոպական Միության տարածքում սահմանափակումների, շրջակա միջավայրի վրա տրանսպորտի ազդեցության նվազեցման, տրանսպորտի ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությունների, տրանսպորտի անվտանգության բարձրացման և այլ թեմաների հետ:

Միջազգային տրանսպորտային ֆորումի շրջանակներում Լայպցիգում կստորագրվի նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագիր, հայտնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարը: