Հայաստանի ու Ադրբեջանի համագործակցությունը տնտեսության ոլորտում կարող է նպաստել քաղաքական հարցերի լուծմանը: Այդ մասին ելույթ ունենալով «ՀԱՊԿ-ն և Հարավային Կովկասը. խաղաղության ու անվտանգության հեռանկարները տարածաշրջանում» Երևանում ընթացող միջազգային խորհրդաժողովում հայտարարել է ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը: Ինչպես նա նշել է, վստահության հաստատումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարևոր հարց է, որի լուծումը միայն կնպաստեր ղարաբաղյան կարգավորմանը:
Նա հիշեցրել է, որ բանակցությունների սեղանին այժմ դրված սկզբունքներից մեկը Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի շնորհումն է՝ մինչ հանրաքվեի անցկացնումն ու վերջնական կարգավիճակի որոշումը: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը շատ կարևոր է մեզ համար: Դե-ֆակտո Հայաստանի ու միջազգային հանրության համար Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է, մնում է այն ձևակերպել դե-յուրե»,-ասել է Կիրակոսյանը: