Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մայիսի 20-ին ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը` ջրի, աղետների կառավարման և քաղաքաշինական հարցերով տարածաշրջանային տնօրեն Վաել Զակութի ղեկավարությամբ:
Ինչպես հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի «Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման» նոր ծրագրի հետ կապված հարցեր: Երկուստեք կարևորվեց, որ նոր ծրագիրն ապահովի նախորդի շարունակականությունը: Պատվիրակության ղեկավարը Հայաստանում իրականցվող ծրագիրը հաջողված համարեց` նշելով, որ հետաքրքրված են շարունակել գործընկերությունը` արձանագրված նվաճումները պահպանելու, ավելի բարձր մակարդակի հասցնելու նպատակով: Նա նաև հետաքրքիր համարեց Հայաստանի փորձը այլ երկրների համար: Արմեն Գևորգյանն իր հերթին նկատեց, որ Հայաստանը մտադիր չէ բավարարվել ձեռքբերումներով և վճռական է շարունակել ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատանքները:
Քննարկվեցին նաև «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության զարգացման և կառավարման հայեցակարգի մշակմանը վերաբերող հարցեր:
Պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ աղետների կառավարման ոլորտում ՀԲ-ն Հայաստանին պատրաստակամ է տրամադրել 500 հազ. դոլարի դրամաշնորհային միջոցներ, որոնց ծախսման ուղղությունները ցանկանում են քննարկել հայկական կողմի հետ: Փոխվարչապետն առաջնային համարեց աղետների դեմ պայքարը` առաջին հերթին դրանց կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում կքննարկվեն և կհստակեցվեն այն նպատակներն ու ուղղությունները, որոնց կհատկացվեն միջոցները: