Ժամանակակից աշխարհը պայքարում է բնական մթերքների օգտագործման համար, այդ թվում հացի, որի արտադրության մեջ սկսել են կիրառել բարելավիչներ, խտանյութեր, գոյանյութեր, սննդի գունավորիչներ և այլն: Եվրոպայում վերածնվում է բնական հացի արտադրության հատվածը, որը 4-5 անգամ թանկ է սովորական դարձած սինթետիկ հավելումներով հացից: Ինչպես մայիսի 23-ին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է «Կռուփ» ընկերության տնօրեն Խաչիկ Ստամբոլցյանը, որը զբաղվում է բիոհացի արտադրությամբ, 1 կգ բնական հացի արժեքը Եվրոպայում 12 եվրո է, ընդ որում բոլոր հացերի պիտակների վրա նշվում է բաղադրությունը, ինչը Հայաստանում բացակայում է: Միաժամանակ, նա նշել է, որ սինթետիկ հավելումներով հացի օգտագործումը հանգեցնում է աղեստամոսքային տրակտի տարաբնույթ հիվանդությունների, ընդհուպ մինչև ուռուցքաբանական հիվանդություններ:
Այսօր «Կռուփ» ընկերությունն արտադրում է շուրջ 300 հաց, որի սպառողներն են Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը, մի քանի հյուրանոցներ և սուպերմարկետներ:
Իր հերթին ՀՏԱ ակադեմիկոս Ալեքսանդր Սելիմյանը նշել է, որ հացի արտադրության ոլորտը Հայաստանում կոռումպացված է, որի պատճառով Հայաստանի ՊՆ-ն հրաժարվում է զինվորներին կերակրել բիոհացով: