25 մայիսի 2011 - 08:29 AMT
Ջոնի Մելիքյան. Ջավախքն այժմ սպառնալիք չի ներկայացնում Վրաստանի տարածքային ամբողջականության համար

Ճգնաժամերի կանխման միջազգային խումբը (International Crisis Group - ICG) մայիսի 23-ին հրապարակել է Ջավախքի խնդիրներին նվիրված իր հերթական զեկույցը` «Վրաստան. Ջավախք շրջանի ինտեգրման մարտահրավերները»:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Ջոնի Մելիքյանը նշել է, որ ICG զեկույցը նվիրված է միայն Ջավախքին, ի տարբերություն նախորդի, որը վերաբերում էր Վրաստանի հայերով և ադրբեջանցիներով բնակեցված շրջաններին: Նրա խոսքով` զեկույցում նշվում է, որ Ջավախքում իրադրությունը քիչ, թե շատ կայուն է, և շրջանն այժմ սպառնալիք չի ներկայացնում Վրաստանի տարածքային ամբողջականության համար: Ընդ որում` ICG փորձագետները պաշտոնական Թբիլիսիին խորհուրդ են տալիս ուշադրությունը սևեռել շրջանի խնդիրների, մասնավորապես սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա: Եվս մեկ ոչ պակաս կարևոր նորամուծություն է Վրաստանի իշխանություններին ուղղված խորհրդատվությունը` վավերացնել Ազգային փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան, որը Վրաստանը ստորագրել է, բայց դեռևս չի վավերացրել: Նա ավելացրել է նաև, որ մեկնաբանելով Ջավախքի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումը, փորձագետներն ընդգծում են Երևանի կայունացնող դերն այդ շրջանում:

Ինչ վերաբերում է զեկույցի չլուսավորված հարցերին, ապա, Մելիքյանի խոսքով, դրանցից մեկը ինչպես ընդհանրապես Վրաստանում, այնպես էլ, մասնավորապես, Ջավախքում Հայ Առաքելական եկեղեցու խնդիրների հիշատակման բացակայությունն է: Զեկույցում բավականաչափ չեն լուսավորվում Ջավախքի հայ ակտիվիստների խնդիրները, թեև զեկույցի հեղինակներն անդրադարձել են իշխանությունների կողմից դատապարտված հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի գործին: Բավականաչափ լուսավորված չէ նաև շրջանում ոստիկանության ընդգծված ներկայությունն ու նրա ազդեցությունը ներքին քաղաքական գործընթացների վրա: Ինչ վերաբերում է զեկույցին պաշտոնական Թբիլիսիի արձագանքին, ապա, Մելիքյանի կարծիքով, վրացական իշխանություններն այն պատշաճ կերպով կընդունեն, քանի որ զեկույցում միայն հաստատվում են փաստեր, վերլուծվում է իրադրությունն այդ շրջանում և խորհրդատվություններ են տրվում առկա խնդիրների լուծման վերաբերյալ: