Արցախի Հանրապետությունում հայտնաբերված հնագիտական գտածոները, որոնք թվագրվում են մոտավորապես մ.թ.ա IV դարով, հանգիստ չեն տալիս ադրբեջանցիներին: Դեռևս հունվարին Արցախի Քաշաթաղի շրջանում երկու կանանց թաղում էր հայտնաբերվել, դամբարանում գտնվել էի նաև 700 գրամ ընդհանուր կշռով արծաթե զարդեր, մոտ 200 գրամ կշռող ոսկյա զարդեր և հինգ կիլոգրամ բրոնզե զարդեր: Փորձագետների գնահատմամբ հելլենիստական ժամանակաշրջանին վերաբերող գանձերի ընդհանուր արժեքը գնահատվում է միջինը $21,5մլն:
Գտածոյի մասին հաղորդագրություններից անմիջապես հետո Ադրբեջանում սկսեցին կրքեր բորբոքվել. Բաքվում անհիմն կերպով որոշեցին, որ գանձերը պատկանում են ադրբեջանական կողմին, և մտադրվեցին ամեն գնով խլել հայտնաբերված արտեֆակտերը: Ավելին, Ադրբեջանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Մայիսա Ռագիմովան հանդես եկավ բացարձակ անհեթեթ գաղափարով` հայտարարելով, որ ադրբեջանցի հնագետները մտադիր են պեղումներ կատարել Արցախի Հանրապետության տարածքում: Դժվար է հավատալ, որ այդ խոսքերը լուրջ մտադրությամբ էին ասվել. Ղարաբաղին դեմ պատերազմ հրահրած և մինչ օրս նոր պատերազմով սպառնացող Ադրբեջանը չի կարող իսկապես լուրջ հույս ունենալ, որ արցախյան իշխանություններից պեղումներ իրականացնելու թույլտվություն կստանա: Ընդ որում` դժվար չէ կռահել, որ նման «հնագիտական» արշավախմբում իրականում հնագետներ չեն լինի, որ արշավախմբի զինանոցում բոլորովին էլ հնագիտական գործիքներ չեն, և որ «պեղումները» միայն դիվերսիաների և ահաբեկչությունների կհանգեցնեն Արցախում: «Հնագիտական հետազոտություններով», այն էլ բուն հայկական տարածքում, Բաքուն կփորձի կոծկել դիվերսիաները, որոնք նրան բացեիբաց ոչ մի կերպ չի հաջողվում իրականացնել արցախյան զինծառայողների զգոնության շնորհիվ:
Իսկ Արցախում Ադրբեջանին հիշեցրել են Ջուղայի հայկական գերեզմանատան մասին, որը ոչ այնքան վաղ անցյալում հիմնովին ոչնչացվեց ադրբեջանցի զինվորների կողմից, և խորհուրդ տվել չանհանգստանալ. արցախյան գիտնականներն իրականացնում են բոլոր անհրաժեշտ հնագիտական հետազոտությունները, որոնք մեկը մյուսի հետևից ապացուցում են, որ ադրբեջանցիները ոչ մի պատմական, բարոյական կամ իրավաբանական առնչություն չունեն Ղարաբաղի հետ: