Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներին կոչ արել «բնակչությանը պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի» և հունիսին կայանալիք գագաթաժողովի ընթացքում ավարտել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները:
«Երբ պայմանավորվածությունը ձեռք բերվի, մենք պատրաստ ենք վկայել այդ սկզբունքների ձևական ընդունումը, աջակցել հաշտության պայմանագրի մշակման գործում և օժանդակել դրա կատարումը մեր միջազգային գործընկերների հետ»,- ասվում է հայտարարության մեջ:
Մայիսի 26-ին Ֆրանսիայի հյուսիսարևմտյան ափին գտնվող Դովիլ հանգստավայրում բացվեց «ութնյակի» գագաթաժողովը, որի առանցքային թեմաները դարձան իրավիճակը Մերձավոր Արևելքում, հեղափոխությունները Հյուսիսային Աֆրիկայում, պայքարն ահաբեկչության դեմ և միջուկային անվտանգությունը: Բացի դրանից, G8-ի պատմության մեջ առաջին անգամ պետությունների ղեկավարները կքննարկեն Համացանցի ապագան: Գագաթաժողովը երկու օր կտևի և կավարտվի ուրբաթ օրը` մայիսի 27-ին:
Այս տարվա նոյեմբերին նաև «քսանի խմբում» նախագահող Ֆրանսիան կրկին կհյուրընկալի «ութնյակի» առաջնորդներին` արդեն G20-ի շրջանակներում: Աշնանը հանդիպման վայր կդառնա միջազգային կինոփառատոնով հայտնի միջերկրածովյան Կաննը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: