27 մայիսի 2011 - 16:29 AMT
Citibank-ը Արդշինինվեստբանկին պարգևատրել է ԱՄՆ դոլարով փոխանցումների բարձր որակ ապահովելու համար

Ամերիկյան Citibank-ը հայկական Արդշինինվեստբանկ ՓԲԸ-ին մրցանակ է շնորհել` ԱՄՆ դոլարով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: Արդշինինվեստբանկի կողմից Citibank կատարված փոխանցումների ավելի քան 98 տոկոսը համապատասխանել են միջազգային ստանդարտներին, ինչի շնորհիվ Citibank-ում դրանք մշակվել են ավտոմատ կերպով` առանց մարդու միջամտության:

Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, 2006 և 2008 թվականներին դոլարով կատարած փոխանցումների բարձր որակ ապահովելու համար Արդշինինվեստբանկն արդեն երկու անգամ արժանացել է Citibank-ի մրցանակներին, իսկ 2009թ. բանկը նմանատիպ մրցանակի է արժանացել գերմանական Commerzbank-ի կողմից:

«Արդշինինվեստբանկն ընդլայնելու է համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների հետ, իսկ Citibank-ի և Commerzbank-ի կողմից շնորհած մրցանակները լավագույնս ապացուցում են, որ Արդշինինվեստբանկը հիրավի հուսալի և վստահելի գործընկեր է արտասահմանյան լուրջ և հեղինակավոր ֆինանսական կառույցների համար»,- նշել է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը: