Մայիսի 29-ին Թբիլիսիում կայացավ ավանդական «Վարդատոնը»` նվիրված հայ աշուղ Սայաթ-Նովային: Ըստ ավանդույթի, որին Թիֆլիսում 1914 թվականին սկիզբ է տվել բանաստեղծ և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի հետ միասին, մայիսի վերջին կիրակի օրը Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ տեղի է ունենում վարդերի տոնը` նվիրված Սայաթ-Նովային: Եվ կրկին անվանի աշուղ, փիլիսոփա և երաժիշտ Սայաթ-Նովայի անմար հիշատակին հավաքվել էին բազմաթիվ երկրպագուներ: Ինչպես և նախորդ տարիներին, «Վարդատոնի» հանդիսավոր մասը բացեցին Լևոն Չիդիլյանն ու Մարթա Գալոյանը:
Այնուհետև ելույթ ունեցան Վրաստանի մշակույթի փոխնախարար Դավիթ Ցխադաձեն, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Մանուկյանը, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, Վրաստանի «Կամուրջ» և «Վերնատուն» հայկական գրական միությունների նախագահներ Գևորգ Սնխչյանն ու Անահիտ Բոստանջյանը: Տոնն իրենց ելույթներով զարդարեցին Երևանի աշուղական երգի համույթը` պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ, Սվետլանա Երիցյանի «Ջեյրան» պարի համույթը, երգիչ և դերասան Հենրիկ Պետրոսյանը: