1 հունիսի 2011 - 19:26 AMT
Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է «Հրապարակ»-ում Ռոբերտ Քոչարյանի հայցի առթիվ եզրակացությունը

Տեղեկատվական վեճերի խորհուրդը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է «Հրապարակ» օրաթերթում հրապարակված վիճարկվող հոդվածները Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցի վերաբերյալ և հրապարակել իր մասնագիտական եզրակացությունը: Ինչպես նշել է Խորհրդի քարտուղար Շուշան Դոյդոյանը, Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ վեճերով խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացություններ կազմել ու հրապարակել: Խորհուրդը գնահատել է վիճարկվող հոդվածները և հայցադիմումում մեջ բերված արտահայտությունները ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պահանջների համատեքստում:

Խորհուրդը գտնում է, որ «Հրապարակ» օրաթերթում հրապարակված հոդվածներն առնչվում են հանրային շահին, իսկ դրանցում առկա հայտարարությունները գնահատողական դատողություններ են և ոչ` փաստական տվյալներ: Հետևապես, ակնկալում ենք, որ Դատարանը կկիրառի առավել բարձր չափանիշներ արտահայտվելու ազատության միջամտության անհրաժեշտությունը գնահատելիս: Ընդ որում, նշվում է, որ հրապարակված որոշ գնահատողական դատողություններ չեն բխում պատասխանատու և բարեխիղճ լրագրության չափանիշներից, և թերթը կարող էր նույն միտքն արտահայտել այլ, նվազ արատավորող բնույթի արտահայտություններ գործածելով: Խորհուրդը գտնում է նաև, որ հայցվորի կողմից պահանջվող փոխհատուցման չափը չի բխում արտահայտվելու ազատության միջամտության համաչափության պահանջից, ենթադրաբար գերազանցում է գործում ներգրավված լրատվամիջոցի եկամուտները, ինչպես նաև փաստաբանական ծառայությունների դիմաց հայցվորի պահանջած վարձատրությունը ակնհայտորեն չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ առաջադրվող խելամտության պահանջին:

2011 թվականի փետրվարի 15-ին «Հրապարակ» օրաթերթում հրապարակվել է «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրու՞մ» վերտառությամբ հոդվածը, այնուհետև դրան հաջորդել են նույն թերթում հրապարակված ևս երկու հոդվածներ` «Ինքնակոչ նամակ Քոչարյանի անունից», «Անձամբ Քոչարյանից` սխալներով և ստորագրությամբ» վերնագրերով հոդվածները: Վերոգրյալ հոդվածներում տեղ գտած` պատիվն ու արժանապատվությունը արատավորող, վիրավորող և զրպարտող տեղեկությունների հերքման և վնասի հատուցման պահանջի հայցով 2011թ. մարտի 25-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է ընդհանուր իրավասության դատարան և բարոյական վնասի համար 6 միլիոն դրամի չափով (մոտ 16 հազար դոլար) հատուցում է պահանջում: