«Թուրքիան բարձր արդյունքներ է ակնկալում Կազանում կայանալիք Սարգսյան - Ալիև հանդիպումից»,- ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քիլիչը: «Մենք պատրաստ ենք ուժերի ներածի չափով օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են այդ գործընթացին` Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ: Մենք պատրաստ ենք անել այն ամենը, ինչ պահանջվում է հիմնախնդրի լուծման համար»,- նշել է նա:
Դեսպանն ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը վաղուց պետք է լուծված լիներ, սակայն այդ գործընթացը երկարաձգվում է. «Ժամանակի ընթացքում հատնում է նաև մարդկանց համբերությունը», հաղորդում է ԱՊԱ-ն:
Հունիսի 25-ին Կազանում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի հերթական հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս հանդիպման հետ որոշակի հույսեր են կապում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ընդունած Դովիլի հայտարարության առնչությամբ, որով նրանք միանշանակ հասկացրին, որ ժամանակն է լուծելու ղարաբաղյան հիմնախնդիրը: «(Ղարաբաղյան հակամարտության) հետագա հետաձգումը միայն կասկածի տակ կդնի համաձայնություն ձեռք բերելուն կողմերի հավատարմությունը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: