3 հունիսի 2011 - 19:09 AMT
Հայ գիտնականները դժգոհ են գիտության պետական ֆինանսավորման ծավալներից

Հայաստանը կարելի է դասել երկրներին, որտեղ գիտության ոլորտում բավականաչափ ֆինանսական միջոցներ չեն հատկացվում: Այդ մասին Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում հայտնել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նրա խոսքով, Հայաստանում գիտության զարգացման համար հատկացվում է ՀՆԱ ընդամենը 0,24%:

«Ստացվում է, որ այս տարի գիտության ոլորտին պետությունը $24 միլիոն է հատկացնում»,- ասել է նա` ավելացնելով, որ հատկացված միջոցներով ֆինանսավորվում է 117 հաստատություն, որոնցից ընդամենը 33-ն են ենթարկվում ՀՀ ԳԱԱ-ին: Դրա հետ մեկտեղ ԳԱԱ նախագահը նշել է, որ այս միջոցների 75% հատկացվում է աշխատավարձերի համար, և միայն 25% է ուղղվում ենթակառուցվածքի և հետազոտական բազայի զարգացմանը: «Դա նորմալ չէ: Աշխատավարձի և հետազոտությունների իրականացման համար ֆինանսական միջոցները պետք է բաշխվեն 50/50 հարաբերությամբ»,- նկատել է Ռադիկ Մարտիրոսյանը: