4 հունիսի 2011 - 14:10 AMT
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հուլիսի 28-29-ը կայցելի Հարավային Կովկասի երկրներ

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս, ամենայն հավանականությամբ, կայանալու է հուլիսի 28-29-ը: Այդ մասին հունիսի 4-ին հաղորդել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

«Այցի նպատակը կլինի այն ողջ դրականի ամրագրումը, որը եղել է մեր երկրների միջև և հարաբերությունների դինամիկայի զարգացումը: Հուլիսի 1-ից Լեհաստանն ընդունում է ԵՄ խորհրդում նախագահությունը,և նախագահի այցը ևս մեկ անգամ ընդգծում է այս տարածաշրջանի կարևորությունն արևելյան գործընկերության քաղաքականության մեջ»,- ասել է Ռաչինսկին:

«Նման այցելությունները կրում են խորհրդանշական և քաղաքական իմաստ: Նախագահի ժամանումն ինքնին արդեն նշանակալի փաստ է: Հուսով ենք, որ նրա այցն արդյունավետ կլինի»,- ասել է Հայաստանում Լեհաստանի դեսպանը: