7 հունիսի 2011 - 15:11 AMT
Նույնիսկ OSART փորձագետների կողմից հայկական ԱԷԿ ստուգումները չեն լռեցրել Ադրբեջանին

Մեծամորի ատոմակայանի շահագործումը շարունակելու մեջ մեծ դեր են խաղում քաղաքական դրդապատճառները: Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Հուսեյնգուլու Բագիրովը: «Անձամբ ես կարծում եմ, որ էներգետիկայի պահերն այստեղ աննշան են և մեծ են քաղաքական դրդապատճառոները: Մեզ հայտնի չէ, թե ինչ է ցանկանում վաստակել Հայաստանն այդ քաղաքական դրդապատճառներից և վաստակելու է արդյոք ընդհանրապես: Դա երկիր է, որն առաջին հերթին վտանգի տակ է պահում սեփական ժողովրդին` միաժամանակ սպառնալիք ստեղծելով հարևան երկրների համար»,- ասել է ադրբեջանցի նախարարը և հավելել, որ «Հայաստանը շանտաժի է ենթարկում աշխարհին ԱԷԿ գործունեությամբ»:

«Աշխարհում դինամիկ կերպով փոխվում է երկրների վերաբերմունքը միջուկային էներգետիկայի նկատմամբ: Զարգացած Ճապոնիան անպաշտպան էր սպառնալիքի առջև, Գերմանիայում մտածում են անվտանգության ավելի լուրջ միջոցներ ձեռնարկելու մասին: Այդ ժամանակ կարելի է միայն ենթադրել, որ Հայաստանը շանտաժի է ենթարկում աշխարհին շատ պարզունակ, սպառված հնարավորություններով ԱԷԿ-ով»,- ասել է Բագիրովը, հաղորդում է Trend-ը:

OSART (Operational Safety Review Team) հանձնաժողովը, որը գործում է ՄԱԳԱՏԷ հովանու ներքո, մայիսի 16-ից հունիսի 2-ը ստուգումներ է իրականացրել Մեծամոր քաղաքի մոտ գտնվող ԱԷԿ-ում նրա գործունեության, անվտանգության ապահովման տեսանկյունից: Ստուգման արդյունքում խումբը նշել է դրական պրակտիկայի մի շարք օրինակներ, ինչպես նաև ներկայացրել է մի շարք երաշխավորագրեր դրանց կատարելագործման համար: