7 հունիսի 2011 - 16:58 AMT
ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար կարող է դառնալ իտալացի

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի պաշտոնական թեկնածու է հայտարարվել Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Լամբերտո Զաննյերը: 10 օրվա ընթացքում գործելու է «լռության ընթացակարգը». եթե մինչև հաջորդ շաբաթվա կեսը ԵԱՀԿ մասնակից երկրներից ոչ մեկը Զաննյերի դեմ չարտահայտվի, ապա կոնսենսուսի սկզբունքը կպահպանվի, և նրա նշանակումը կկայանա, հաղորդում է «Վեստի.Ru»-ն:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների ժամկետը կազմում է երեք տարի և կարող է երկարացվել մեկ անգամ: Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է ֆրանսիական դիվանագետ Մարկ Պերրեն դը Բրիշամբոն: Նրա մանդատը սպառվում է հունիսի 30-ին:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում էին նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Ժոաո Սոարեշը, Ավստրիայի նախկին արտգործնախարար Ուրսուլա Պլասսնիկն ու թուրքական դիվանագետ Էրսին Էրչինը: