14 հունիսի 2011 - 18:57 AMT
Առանց Արցախի մասնակցության ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անիրական է, հայտնել է Բակո Սահակյանը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ամենակարևոր ձեռքբերումը խաղաղության պահպանումն է: Այդ մասին«Վոյեննի դիպլոմատ» ամսագրին տված հարցազրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նրա խոսքով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացի և վերջնական, համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների լիարժեք ձևաչափը` Արցախի Հանրապետության` որպես բանակցությունների լիիրավ կողմի մասնակցությամբ: Սահակյանի խոսքով, առանց Արցախի մասնակցության ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անիրական է:

«Մենք մեր կողմից պատրաստ ենք ուղղակի բանակցություններ վարել Ադրբեջանի հետ և քննարկել ցանկացած հարց, ինչի մասին մշտապես հայտարարում ենք: Կարծում եմ, որ բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնումը միայն ժամանակի խնդիր է»,- ասել է Բակո Սահակյանը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ստեփանակերտի ու Երևանի միջև տարաձայնություններ կան բանակցությունների մարտավարության հարցում, Բակո Սահակյանը նշել է, որ կողմերը լուրջ տարաձայնություններ չունեն, հատկապես եթե հաշվի առնել այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխհարաբերություններում նույնպես չլուծված հարցեր կան: