14 հունիսի 2011 - 22:14 AMT
Սեպտեմբերի 19-20-ը Երևանում կկայանա «Սփյուռքի կազմակերպությունների և համայնքների համահայկական համաժողով»

Հունիսի 14-ին տեղի ունեցավ «Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների համահայկական համաժողովի» կազմկոմիտեի նիստը: Ինչպես հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը, համաժողովը նվիրված է Հայրենիք-Սփյուռք գործակցության հեռանկարներին, այդ գործակցության սերտացման կառուցակարգերի կատարելագործմանը, աշխատանքի նոր հնարավոր ձևերի և միջոցների փնտրտուքին:

Համաժողովի կազմկոմիտեի նախագահը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է: Կազմկոմիտեի անդամներ են ՀՀ արտաքին գործերի, կրթության և գիտության, մշակույթի նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև Սփյուռքում գործող կառույցների, կազմակերպությունների ներկայացուցիչները:

Քննարկման նյութ դարձան համաժողովի առաջնահերթությունները, որոնք վերաբերում են ողջ հայ ժողովրդի խնդիրներին, միասնականության և համազգային հիմնահարցերին (Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում, Սփյուռքում ուծացման դեմ պայքար (կրթություն, մշակույթ, ընտանիք, լեզու), Հայ եկեղեցու դերի բարձրացում և հայության համախմբում եկեղեցու շուրջ, Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացում, հզորացում և անվտանգության ապահովում), ինչպես նաև համաժողովի կազմակերպչական հարցերը:

Համաժողովը անցկացվելու է սեպտեմբերի 19-20-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ` համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 111-Ն որոշման: