«Կոնգրեսականների խումբը մտադիր է երկու բանաձև մտցնել Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծման և Թուրքիայի կողմից բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները վերադարձնելու համար»,- ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է, «Եկեղեցիները վերադարձնելու մասին» բանաձևի հեղինակներն են կոնգրեսականներ Էդ Ռոյսը և Հովարդ Բերմանը: Նրանք իրենց բանաձևում կոչ են անում Թուրքիային կատարել միջազգային պարտավորությունները և վերջ տալ կրոնական հետապնդումների ձևերին, պաշտպանել մարդու իրավունքները և քրիստոնյաների կրոնական ազատությունները: Բանաձևի հեղինակները կոչ են անում Անկարային օրինական ճանապարհով վերադարձնել հայերից, հույներից, ասորիներից և այլ քրիստոնյա համայնքներից բռնագրավված եկեղեցիները:
«Հայոց ցեղասպանության մասին» բանաձևի հեղինակներ Ադամ Շիֆը և Ռոբերտ Դոլդը կոչ են անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճանաչել Ցեղասպանությունը` մարդկության դեմ ապագա հանցագործությունները կանխելու համար:
«Կրոնական հողի վրա բռնությամբ և հանցագործություններով Թուրքիայում պայմաններն ավելի են վատացել»,- ասել է Ռոյսը, հավելելով, որ նրա բանաձևը կոչ է անում Թուրքիային պաշտպանել խոցելի կրոնական փոքրամասնություններին: «Նրանք պետք է հնարավորություն ունենան հետազոտել և ուսումնասիրել իրենց հավատը` չվախենալով խտրականությունից կամ բռնությունից: Մենք Թուրքիայից ակնկալում ենք իր պարտավորությունների կատարում»,- ասել է նա:
Իր հերթին Բերմանը նշել է, որ եկեղեցուն ունեցվածքից զրկելու, հավատացյալներին հետապնդելու ճանապարհով Թուրքիան չի կատարել իր պարտավորությունները որպես կողմ, որը ստորագրել է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը», որը պահանջում է մտքի, խոսքի և կրոնի ազատություն:
Իր կողմից Ռոբերտ Դոլդը նշել է, որ ԱՄՆ-ն «պարտավոր է հիշել նրանց, ովքեր ձայնի իրավունք չունեն»: «96 տարի առաջ 1.5 միլիոն մարդ սպանվել է ազգային պատկանելության պատճառով»,- ասել է նա: